Մայիսի 1-ը Հայաստանին նոր վարչապետ չտվեց, ինչ-որ իմաստ կա, որ Շուշիի ազատագրման օրը պիտի վարչապետ ընտրվի: Մենք հայտնվել ենք տարօրինակ ժամանակներում` վերացել են հստակ սահմանները նախահեղափոխության, հեղափոխության ու հետհեղափոխության միջև: Գուցե ոմանց համար սա սքանչելի ժամանակ է, երբ ամեն ինչ հնարավոր ու հասանելի է, թույլատրելի ու ընդունելի: Ոմանց համար` անսպասելի ու անտրամաբանական: Ոմանց համար` անթույլատրելի ու անընդունելի: Հասարակությունը երբեք միատարր չի լինում իր ընկալումներում ու գնահատականներում, և դա ճիշտ է:
Հեղափոխական ալիքը ասպարեզ է բերում և հերոսների, և հակահերոսների: Սովորաբար` ինչ-որ պահից իրավիճակը դառնում է անկառավարելի, երբ ասպարեզ են նետվում ու իրենց գործող անձանց կարգավիճակ առանձնաշնորհում նրանք, որ տարիներով կուտակել են դառնություն ու թույն և հիմա մեղավորներ են որոնում իրենց ձախորդությունների համար: Նրանք հեղափոխականներ չեն, ուղեղներն անջատած մարդիկ են` իրենց «քաղաքացիական պարտքի» կատարման վեհ գիտակցությամբ:
Ո՞րն է պարտքը: Օրինակ` «հանուն հեղափոխության» պատուհաններից կաթսաները հանել ու շերեփներով հարվածել: Խմբերով հավաքվել տարբեր պաշտոնյաների շենքերի կամ տների առաջ ու «ամոթ», «դավաճան» և այլն, և այլն վանկարկել: Նրանց դռների առաջ օճառներ շարել: Սև երիզով լուսանկարները բազմացնել ու տարածել: Հրապարակել «դավաճանների» հեռախոսահամարները, զանգահարել կամ հայհոյախառն մեսիջներ ուղարկել: Նույն հորձանքն է տալիս վճարովի ու անվճար թույնը սոցցանցերում: Դա է կատարվողի ոմանց ընկալումը` իրենց պուճուրիկ ներդրումը մեծ գործում, «մեծ պայքարը» իշխանության դեմ, որ արդեն վտանգավոր ու պաշտպանունակ չէ: Իսկ դա նվազագույնը անվայել է: Սա` համենայն դեպս, այս օրերի մեր պահվածքի մասին, երբ ամենատարածված արտահայտությունն է «Միմյանց աչքերին նայելու իրավունքը»: Միմյանց «հաղթելը»: Ամեն օր «հաղթելը»:
1988-2018` 30 տարում «հեղափոխությունների» ու «ապստամբությունների» միջով անցածների սերունդն այսօր իրավունք ունի իր փորձի հիման վրա համեմատել ու գնահատականներ տալ կատարվողին: Եվ անաչառ մնալու պարտավորություն` ի տարբերություն այլոց, հասկանալով, որ հայրենիքում միմյանց չեն հաղթում ու պարտվում, հայրենիքը չեն բաժանում օտարների ու յուրայինների: Իսկ եթե բաժանում են, ինչո՞վ են տարբերվում գահընկեց արվող ՀՀԿ-ից: Կամ` նրանցից, որ ճիշտ ժամանակին խորտակվող նավը լքեցին ու հիմա ազատ նավարկում են հեղափոխության ջրերում իբրև հերոս, թեպետ տարիներ եղել են ՀՀԿ-ի կրկնակն ու պատճենը` բոլոր արտոնություններով ու առավելություններով: Սա էլ համենայն դեպս: Բարոյականության ու արդարության տեսակետից: Եվ` ազնվության:
Ամփոփենք ապրիլը` ապրիլի 17-ին վարչապետ ընտրված ու նշանակված Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց 23-ին, հրաժարական տվեց և կառավարությունը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փորձեց ներսի ու դրսի աջակցությամբ դառնալ իրավահաջորդ ու ձախողվեց: ՀՀԿ-ն նախ լիազորեց իր անունից բանակցել, հետո հրաժարվեց վարչապետի սեփական թեկնածուից, բայց չձախողեց ԱԺ հատուկ նիստը: Դատելով հնչող հայտարարություններից` ՀՀԿ-ն պիտի ձայն տար վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Չտվեց: Առաջին անգամ խորհրդարանում ՀՀԿ-ն մնաց մենակ` «Ելքի» թեկնածուին էին միացել կոալիցիայից հեռացած ՀՅԴ-ն ու «համաժողովրդականացած» ԲՀԿ-ն: Ինը, համարյա տասը ժամ ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն ջուր էր լցնում դանայան տակառները, երբ իր ձեռքով էր բացել Պանդորայի արկղը: Հետևանքը մայիսի 2-ի փակ քաղաքն էր ու հեղափոխության նոր ալիքը: ՈՒ ի՞նչ:
Ըստ հեղափոխական ժամանակագրության.
1. Մայիսի 1-ին 45 կողմ, 56 դեմ ձայներով ԱԺ-ն մերժեց «Ելքի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Չհավատաց: Չհամոզվեց: Չվստահեց` ՀՀԿ-ի մասով: 20 տարի իշխող կուսակցությունը ներկայացավ իր ողջ ներուժով, պարզվեց` անուժ: Տասնյակ ելույթները ոչ քաղաքական էին, ոչ կուսակցական:
Դեմագոգիա, սոփեստություն, սադրանք՝ տղամարդկանց մասով, զգացմունքներ ու պաթետիկա՝ կանանց մասով: ՀՀԿ-ն ոչ թե թուլացրեց, այլ խորացրեց ու ծավալեց լարվածությունը` ակնհայտորեն ասելիքի պակասից: ՀՀԿ-ն հակառակ գնաց իր նախագահ Սերժ Սարգսյանին, որ ասել էր` ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր:
2. Մայիսի 2-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ ԱԺ` ՀՀԿ խմբակցության նիստի, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտարարեց. «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու և սատարելու է 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին», և կոչ արեց դադարեցնել շրջափակումները, բողոքի գործողությունները, վերադառնալ սահմանադրական ճանապարհներով հարցեր լուծելու դաշտ: Հարց` եթե մայիսի 8-ին ձայն էին տալու ձայների 1/3-ով առաջադրված թեկնածուին, ինչու՞ մայիսի 1-ին ձայն չտվեցին ԱԺ 3 քաղաքական ուժերի պաշտպանած թեկնածուին: ՈՒ՞մ էր պետք ևս մեկ շաբաթվա անկայունությունն ու լարված իրավիճակը: Փաստացի` ՀՀԿ-ն ընտրել է ոչ միայն հասարակական խարազանման, այլև ինքնախարազանման ճանապարհը: ՈՒ դա առավել քան տարօրինակ է 20 տարի իշխած կուսակցության համար` գործնականում հսկան կավե ոտքեր ունե՞ր, թե՞ կա պատճառ, որին տրամաբանորեն հասնելն անհնար է, երբ ՀՀԿ-ն գործում է տրամաբանության դեմ:
3. Մինչ մայիսի 2-ին Սերժ Սարգսյանն ԱԺ-ում էր, «Արմենիա Մարիոթում» հանդիպում էին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: «Այս ընթացքում մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հաջորդ անգամ՝ մայիսի 8-ին՝ ՀՀ վարչապետի ընտրություններում կրկին կպաշտպանի ժողովրդի թեկնածուին»` հանդիպումից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը: «Քննարկում ենք իրականացրել առանց նախապայմանների: Հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշելու, առաջին անգամ մենք քվեարկեցինք ժողովրդի թեկնածուին, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ էլ կքվեարկենք: Մեկ անգամ ևս ասում եմ՝ մեր խոսքը գործ է: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»` հաստատեց Գագիկ Ծառուկյանը: Հարց` նշանակու՞մ է, որ ապագա կառավարությունում ԲՀԿ-ն ստանալու է փոխվարչապետի պաշտոն: Գուցե և` առաջին: Եվ քանի՞ պորտֆել:
4. Հայաստանը 4 օր հետո կունենա վարչապետ, եթե իրավիճակի հերթական շրջադարձ չլինի` սպասելի ու անսպասելի: Համարենք, որ նախահեղափոխության ու հեղափոխության մի քանի փուլեր անցանք ու աշխարհին պարզեցինք հայկական թավիշը` իբրև հետխորհրդային տարածքում իշխանափոխության նոր ձև ու տեխնոլոգիա: Կարճ` «Մերն ուրիշ է», մենք ուրիշ ենք:
5. Եթե ԱԺ բոլոր խմբակցությունները ձայն են տալիս Նիկոլ Փաշինյանին, նշանակու՞մ է, որ ԱԺ-ում չկա ընդդիմություն, թե՞ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, «լուռ ու անպատասխան» ստանձնելու է մեծամասնություն ունեցող ընդդիմության դերը: Եվ ինչպե՞ս է այդ դերը խաղալու` կառուցողակա՞ն, թե՞ խոչընդոտելու է բոլոր սկզբունքային հարցերում` ամեն անգամ հարուցելով նոր ճգնաժամ ու շահելով կենսականորեն կարևոր` ուշքի գալու ու վերադասավորվելու ժամանակը:
6. Օրակարգում մնում է 2 գլխավոր հարց: Առաջինն անցումային կառավարության ձևավորումն է: Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` համաձայնության կառավարության: Մինչև մայիսի 8-ը բանակցվելու է կառավարության կազմը, որի պորտֆելները, ամենայն հավանականությամբ, կբաշխվեն «Ելքի», ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև: Գուցե նաև պորտֆելները պաշտպանեն ՀՀԿ-ական նախարարները` ելնելով Նիկոլ Փաշինյանի «վենդետա չի լինելու» մտադրությունից և երկրի կենսապահովման ու անվտանգության անհրաժեշտությունից: Բոլոր դեպքերում` սկզբունքայինը ուժայինների, ՊՆ-ի, ԱԳՆ-ի հարցն է, նաև` կառավարության կառուցվածքային ու աշխատակարգային փոփոխությունների:
7. Հարցերի հարցը ԱԺ արտահերթ ընտրություններն են` ժամկետի առումով և օրենսդրական փոփոխությունների: Տրամաբանորեն` պիտի փոփոխվի Ընտրական օրենսգիրքը` հանվի ռեյտինգային ընտրակարգը, պիտի փոխվի ԿԸՀ-ի կազմը: Այս և այլ հարցերը նվազագույնը կես, առավելագույնը մեկ տարի են պահանջելու` օրենսդրության առումով: Քաղաքական ուժերն էլ` խորհրդարանական ու արտախորհրդարանական, ժամանակ կունենան նախապատրաստվելու: Ընտրությունները կդառնան «հների» ու «նորերի» մրցակցություն, որտեղ հները պիտի ապացուցեն, որ պետք են երկրին, նորերը, որ կարող են երկիր կառավարել:
Իսկ ընդհանրապես` հետհեղափոխական Հայաստանում բազում խնդիրներ կան: Բացի անվտանգությունից ու կենսապահովումից` առաջնահերթը բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի վերականգնումն է` «մերոնքականների» ու «ձերոնքականների» խոր խրամատները քանդելն ու իսկապես միասնական ու համերաշխ դառնալը: Օր առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հրայր Թովմասյանը ճիշտ ժամանակին գնաց Սահմանադրական դատարան` նրա Սահմանադրությունը կուտ է գնում: Սկզբունքային հարց է` պե՞տք էր Հայաստանին խորհրդարանական կառավարումը իր չկայացած կուսակցական համակարգով: Հարց, որ վաղ թե ուշ վերադառնալու է քաղաքական օրակարգ: Հայկական ապրիլը վկայեց, որ ոչ մի Սահմանադրություն չի կարող կասեցնել անկասեցնելին` 2018-ին չկանխվեց իշխանափոխությունը` նույնիսկ առանց համաժողովրդական նախագահական ընտրությունների ու հետընտրական գործընթացների: Եվ համենայն դեպս` 3 նախագահները քաղաքականության մեջ են: Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը պարբերաբար ինքնամեծարող հայտարարություններ էր անում, իսկ առաջին նախագահը հարկ համարեց թեթև ճշտում անել. «Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին մանդատից հրաժարվելու ներկայացվող պահանջը հակասահմանադրական է»: Եվ հիշեցնել` «Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը Սահմանադրության և օրենքի տառին համապատասխանության փաստն է։ Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է թե իշխանության, թե ընդդիմության, թե Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ոչ ժողովրդի, ոչ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմանալիորեն ամբողջ ընթացքում Երևանից չբացակայեց: Վիկտոր Սողոմոնյանը ճշտեց. «Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց չի մասնակցում»: Չհաշված «ճամպրուկը», որ այդպես էլ նրան չփոխանցվեց: Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է և փաստացի ինքն է որոշում ՀՀԿ-ի ճակատագիրը: Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին մնում է չորրորդ հանրապետության անսպասելի սկիզբն ու բուռն ընթացքը հասկանալ ու… «առաջնորդել»: Նախահեղափոխությունն ավարտվեց, հեղափոխությունը կլինի մայիսի 8-ին, սպասենք հետհեղափոխությանը: Ղարաբաղյան շարժման 30-ամյակը ինքն իրեն մատուցեց ամենասքանչելի ընծան` ինքնիշխանության վերականգնման շանսը: Բարի օր, հայեր: Տունդարձի ժամանակն է: Հերիք է հեռվից հայրենիք սիրեք ու դաս տաք: